ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Այսպիսով, ըստ հուլիսի 9-ին ներկայացրած հայտարարագրի, Հովսեփյանը չունի անշարժ եւ շարժական գույք: Հովսեփյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող նկարների հավաքածու: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Հովսեփյանի դրամական միջոցները կազմել են 24 մլն դրամ եւ 48 հազար դոլար:

Այս տարվա հունվարից 1-ից մինչ պաշտոնը դադարեցնելու օրը Հովսեփյանի եկամուտները կազմել են 8 մլն 298 հազար 645 դրամ, որը գոյացել է երկու տարբեր աշխատավարձերից, մեկը 7 մլն 936 հազար 189 դրամի չափով, իսկ մյուսը 362 հազար 456 դրամի չափով:

ՀԺ-ն ուսումնասիրեց նաեւ Հովսեփյանի ընտանիքի անդամների հայտարարագրերը, որոնք ներկայացվել են էթիկայի հանձնաժողով դեռեւս Հովսեփյանի պաշտոնավարման շրջանում՝ 2018 թվականի մարտի 29-ին:

Հովսեփյանի կինը` Աստղիկ Հովսեփյանը, հայտարարագրել է ընդամենը 240 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Աղվան Հովսեփյանի որդին` Սիսակ Հովսեփյանը, բավականին «համեստ» միջոցներ ունի` ըստ հայտարարագրի: Սիսակ Հովսեփյանը հարկային տարվա սկզբում ձեռք է բերել երեք տարբեր արժեթղթեր 80 մլն դրամի չափով, 29 մլն 110 հազար դրամի չափով եւ 10 մլն դրամի չափով: Հարկային տարվա վերջում դրանք անփոփոխ են մնացել, այսինքն ոչինչ չի օտարվել:

Սիսակ Հովսեփյանը հարկային տարվա ընթացքում ունեցել է տարբեր չափերի եւ արժույթների հանձնած եւ վերադարձրած փոխառություններ: Սիսակ Հովսեփյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 295 մլն 412 հազար 310 դրամի փոխառություն, հարկային տարում հանձնվել է 53 մլն 661 հազար 580 դրամ, վերադարձվել է 205 մլն 223 հազար 880 դրամ: Այսինքն, հարկային տարվա վերջում Սիսակ Հովսեփյանի փոխառության գումարի չափը կազմել է 143 մլն 850 հազար 10 դրամ:

Հարկային տարվա սկզբում Սիսակ Հովսեփյանը ունեցել է նաեւ փոխառություն 542 հազար 360 դոլարի չափով, որից հարկային տարվա ընթացքում վերադարձվել է 62 հազար 360 դոլարը, ինչի արդյունքում հարկային տարվա վերջում Հովսեփյանը ունեցել է 480 հազար դոլարի փոխառություն:

Հարկային տարում Հովսեփյանը փոխառության է հանձնել 3 մլն 909 հազար 212 ռուբլի, որից տարեվերջում վերադարվել է 2 մլն 309 հազար 212 ռուբլին, արդյունքում տարեվերջում փոխառության գումարի չափը կազմել է 1 մլն 600 հազար ռուբլի:

Սիսակ Հովսեփյանը հարկային տարում հանձնել է 20 հազար եվրո փոխառություն, որը տարեվերջում նույնչափ էլ մնացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: