Թուրքական ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին քաղաքի բնակիչները դուրս են եկել փողոց՝ բողոքելով թուրքական օկուպացիայի ու դրանից բխող կյանքի պայմանների դեմ, այս մասին գրում է nerinaazad.org կայքը։

Նշվում է, որ աֆրինցիները հատկապես դժգոհ են «Սիրիական ազատ բանակ» խմբավորման գործունեությունից, որը ռազմական գործողությունների ժամանակ միացել է թուրքական ԶՈւ-ին ու վայելում Թուրքիայի իշխանությունների աջակցությունը։

Ըստ տեղի բնակիչների՝ խմբավորման զինյալները առևանգում են աֆրինցի քուրդ բնակիչներին, կողոպտում նրանց տներն ու բռնություն կիրառում նրանց դեմ։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը դեռևս չեն պատրաստվում հեռանալ Սիրիայի հյուսիսից։

Թուրքական ԶՈւ-ն հունվարի 20-ին սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:

Թուրքական ԶՈւ-ը Աֆրինի կենտրոնը գրավել է մարտի 18-ին: