Շիրակի մարզի Արթիկի Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Սիմոն Մանուկյանը վստահեցնում է, որ ինքը յուրացում չի կատարել եւ քննությամբ դա առաջիկայում ապացուցվելու է:

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ խոշոր չափերով յուրացում կատարելու հատկանիշներով: Ըստ հաղորդման, տնօրենը որպես սանիտար աշխատանքի է հրամանագրել Արթիկ քաղաքի մի բնակչուհու, որը աշխատանքի չի հաճախել, սակայն, աշխատավարձ է ստացել: Համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրա անվամբ հաշվարկվել և վճարվել է ավելի քան 2.3 մլն դրամ գումար:

«Անհիմն է, կասկած է, որը շուտով փարատվելու է: Ես շատ համոզված եմ, որ փարատվելու է այդ կասկածը: Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստել կեղծ հաղորդման հետեւանքով, նյութերն ուղարկվել է դատախազություն: Նորից եմ ասում՝ հաղորդումը կեղծ է եւ միտումնավոր, կրճատվող անձի կողմից է, նեղացած է եւ նման հաղորդում է տվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիմոն Մանուկյանը: