Շիրակի մարզի Փանիկ գյուղում նախօրեին տեղի ունեցած միջադեպը սադրանք է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների նկատմամբ։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տեղի ունեցածը համարում եմ նաև սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն, պատասխանատվության ենթարկվեն», — ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ դեռ պետք է հասկանալ, թե ինչ ընթացակարգերով պետք է քննարկվի և հետաքննվի այդ միջադեպը։

«Պետք է պայմանագրերի, ներհայաստանյան օրենդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանել։ Տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետվ կլինի», — նշեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն, առանց զգուշացման և առանց փաստաթղթերի, մտել էին Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Պայթյուններ և կրակոցներ էին հնչել: