Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր կադրային նշանակումներին:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Բագրատաշենի մաքսակետի պետ նշանակված Արթուր Գասպարյանի անունը կապվում է կոռուպցիայի հետ: Անանյանն ասաց, որ ծառայողական քննություն է նշանակվել՝ պարզելու համար, թե ՊԵԿ աշխատակիցները նման տեսակետ ունեն, թե ոչ:

Լրագրողները նկատեցին, որ Դավիթ Անանյանը մարդկանց է նշանակում պաշտոնների, հետո նրանց նկատմամբ ծառայողական քննություն է անցկացնում, հնարավոր չէ՞ խուսափել այդ նշանակումներից: «Կարևորն էն չի, թե մենք ինչ որոշումներ ենք ընդունում: Կարևորն այն է՝ մենք մեր որոշումների գերին ենք մնում, թե ոչ: Եթե մենք որոշումներ ենք ընդունում, տեսնում ենք դրանց նկատմամբ վերապահումներ կան, մենք հակառակ որոշումներն ենք ընդունում, անցնում ենք առաջ: Եթե ձեզ թվում է, թե իմ անելիքը առավոտից իրիկուն դարդ անելն է, թե՝ վայ, էս ինչ կադր նշանակեցի, կներեք, դա չէ իմ անելիքը: Իմ անելիքը հարկարային վարչարարությամբ պետական բյուջեի եկամուտներն ապահովելն ու հարկային հսկողություն իրականացնելն է»,- պատասխանեց ՊԵԿ նախագահը: Նա կոչ արեց գնահատել իրենց աշխատանքը, ոչ թե  կադրային նշանակումները:

Դավիթ Անանյանն անդրադարձավ նաև փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքներին, որ մեծ տուգանքներ են նշանակվում ՊԵԿ տեսուչների կողմից: «Այդպիսի հրահանգ չկա, կա հակառակ հրահանգը, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին ու ձեռներեցներին հարկային վարչարարությունով ավելորդ ծանրաբեռնել չի կարելի: Եթե այս կամ այն աշխատողը սխալ է հասկանում այդ հանձնարարությունը, մենք այդ ծառայողներից պետք է ազատվենք, դաշտը մաքրենք ու նորերին բերենք: Եթե չեն հասկացել, նորից կհասկացնենք, այդ թվում՝ կոշտ կհասկացնենք մեր աշխատակիցներին: Եթե ձեզ թվում է, թե մենք պետք է համակարգ բերենք անձանց, որոնք պետք է լինեն մաքուր, և հրեշատկի թևեր էլ պետք է տեսնենք, չի լինում այդպես: Սա այն համակարգն է, որն անընդհատ ինքնամաքրման պետք է ենթարկվի»,- նշեց նա: