Ընտրական օրենսգրքի բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը կրկին անդրադարձել է ԱԺ-ում Արփինե Հովհաննիսյանի հնչեցրած արտահայտությանը:

Իոաննիսյանը մեր զրույցում ասել էր, որ պատրաստվում է նորից նայել տեսանյութը, որտեղ Արփինե Հովհաննիսյանը, ըստ էության, վիրավորում էր Իոաննիսյանին՝ ասելով. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»: Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ տեսանյութը նորից նայելուց հետո պարզ է դառնում, որ Հովհաննիսյանն իր մասին է ասել «մտավոր հետամնաց».

«Արփինե Հովհաննիսյանի հորդորով ևս մեկ անգամ նայեցի տեսանյութը (ավելի երկար ժամանակահատվածով): Ժեստը, 4-ով (առանց կառավարության ներկայացուցչի) քննարկելու առաջարկի կոնտեքստը և այլ հանգամանքներ գալիս են ապացուցելու, որ Արփինե Հովհաննիսյանը հենց իմ մասին էր ասում «մտավոր հետամնաց»:
Բայց անգամ եթե խոսքը ոչ թե իմ, այլ քննարկման մասին էր, ապա էլ ավելի վատ, քանի որ այդ դեպքում քննարկման բոլոր մասնակիցների վրա է տարածվում արտահայտությունը»,- մասնավորապես, ասված է Դանիել Իոաննիսյանի գրառման մեջ: