Հուլիսի 18-ին՝ ժամը 1.15-ին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած, ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին հաղորդվել էր, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 1-ի սահմաններում, իրենց տան բակում երկաթի վրա ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության Արարատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է ոչ թե ընկնելու հետեւանքով, այլ նույն օրը ժամը 1-ի սահմաններում, Արարատ քաղաքի մշակույթի շենքի հետնամասում իր եւ Գրիգոր Վ.-ի միջեւ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինս կողմից իր մոտ եղած դանակով տղամարդու որովայնին հարվածելու հետեւանքով:

Գրիգոր Վ.-ն հրավիրվել է բաժին ու տվել բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: