Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են միջազգային օրակարգի հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով Սիրիայի ճգնաժամի կարգավորման համատեղ քայլերին:

Այս մասին նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Քննարկվել են միջազգային օրակարգի հրատապ հարցեր եւ տարածաշրջանային խնդիրները: Հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում ճգնաժամային իրավիճակի կարգավորման համատեղ քայլերին՝ ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերի եւ Աստանայի ձեւաչափի շրջանակում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա: Պայմանավորվել են շփումները շարունակելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Էրդողանի գրասենյակում աղբյուրը լրագրողներին հայտնել էր, որ հունիսի 24-ի ընտրություններում Թուրքիայի առաջնորդի հաղթանակից հետո առաջին հեռախոսազրույցի ընթացքում 2 երկրների նախագահները պայմանավորվել են ամսվա վերջին Յոհաննեսբուրգում անձնական հանդիպում անցկացնել ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում:
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ Դերաա եւ Իդլիբ նահանգներում: