»»Կաթողիկոսի եղբորորդին հրահանգներ է տվել ոստիկաններին. Հաղորդում հանցագործության մասին

Կաթողիկոսի եղբորորդին հրահանգներ է տվել ոստիկաններին. Հաղորդում հանցագործության մասին

Ղեկավարվելով  ՀՀ  քրեական դատավարության օրենսգրքի 175-177-րդ հոդվածներով և նկատի ունենալով նաև այն, որ համաձայն Դատախազության մասին օրենքի՝ դատախազի նկատմամբ քրեական  հետապնդում կարող է հարուցել ՀՀ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, տալիս եմ հանցագործության մասին հաղորդում՝ հայտնելով հետևյալը.

Սույն թվականի հուլիսի 13-ին Մայր Աթոռում Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով խաղաղ ցուցարարների շրջանում հայտնվել է կաթողիկոսի եղբոր որդի, Արմավիրի մարզի դատախազության դատախազ՝ Կորյուն Ներսիսյանը, ով ցուցաբերել է դատախազի պաշտոնի հետ անհամատեղելի վարք՝ հանդիմանել է հավաքված  ցուցարարներին, հրահանգներ է տվել ոստիկաններին, ինչի իրավունքը չունի։

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝  պետական և տեղական ինքնակառավարման  մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ  կամ  օրենքներով:

Կաթողիկոսի եղբոր որդի, Արմավիրի մարզի դատախազության դատախազ՝ Կորյուն Ներսիսյանը, չունենալով օրենսդրությամբ նախատեսված լիազորություն հասարակական վայրում գործողություններ անելու, կարծես թե  թույլ է տվել  քրեական օրենսգրքով նախատեսված 308, 309 հոդվածներով նախատեսված արարք, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 308) և/կամ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 309)։

Կից  ներկայացնում  ենք  տեսանյութ, որով հաստատվում են ասածներս։

Միաժամանակ հայտնում ենք, որ պատրաստ ենք տալ բացատրություններ, ցուցմունքներ՝ հայտնելով գործի լուծման համար կարևոր այլ մանրամասներ։

Հանցագործության մասին հաղորդում ներկայացնող՝ Նոր  Հայաստան  նոր  Հայրապետ նախաձեռնություն

2018-07-15T16:21:41+00:00 Հուլիսի 15 16:21|Իրավական|0 Comments