Շատ օգտակար կլիներ, եթե ՆԱՏՕ-ն Ադրբեջանին վճռական ուղերձ հղեր այն մասին, որ ուժի կիրառմամբ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ցանկացած փորձի  կհետեւի միջազգային հանրության հզոր արձագանքը: Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Euronews-ի հետ հարցազրույցում:

Ի պատասխան հարցին՝ ՆԱՏՕ-ն ինչպե՞ս կարող է Հայաստանին օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում, Փաշինյանը շեշտել է, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: «Ցավոք, Հայաստանի վարչապետի պաշտոնում իմ աշխատելու առաջին օրերից տեսնում եմ, որ Ադրբեջանը սաստկացնում է Հայաստանի նկատմամբ ագրեսիվ պահվածքը: Կարծում եմ՝ մենք հիմա տեսնում ենք, որ իրավիճակը փոխվում է, քանի որ այդ ագրեսիվ քաղաքականությունն ուղղված է ոչ միայն Հայաստանի դեմ, այլ նաեւ ժողովրդավարության, որովհետեւ հիմա Հայաստանը իսկապես ժողովրդավարական երկիր է: Ես կարծում եմ՝ Ադրբեջանը մտավախություններ ունի, որ իր սեփական ժողովուրդը կոգեշնչվի հայկական գործընթացներով, որպեսզի Ադրբեջանում ժողովրդավարական փոփոխություններ նախաձեռնի»,- հայտարարել է Փաշինյանը: