Աշոցքի «Սոցիալական ծառայության» 2 տեսուչներ կասկածվում են 2016-2017 թվականների ընթացքում նպաստ տրամադրելու դիմաց քաղաքացիներից պահանջել եւ ստացել են գումարներ։

NEWS.am-ի տեղեկություններով, Շիրակի դատախազությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մեր այս տեղեկությունը հաստատեցին նաեւ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նրանց փոխանցմամբ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում» ընդգրկելու եւ ընտանեկան նպաստ տրամադրելու համար Աշոցք գյուղի մի բնակչից պահանջել է ապօրինի վարձատրություն` երեք ամսվա համար նախատեսված նպաստի գումարը, եւ 2017թ. մայիս, հունիս, հուլիս ամիսների դիմաց ստացել ընդհանուրը՝ 141 հազար դրամ եւ իր լիազորությունների շրջանակում աջակցել վերջինին:

Նույն եղանակով նշված համակարգում ընդգրկվելու եւ ընտանեկան նպաստ ստանալու նպատակով նույն տեսուչը եւ գործակալության առաջատար մասնագետն իրենց լիազորությունների շրջանակում աջակցել են Աշոցք գյուղի թվով 9 բնակիչների՝ նրանցից պահանջելով եւ ստանալով տարբեր չափերի ապօրինի վարձատրություն:

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են  հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական  օրենսգրքի  3111-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը՝ վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կամ անգործություն կատարելու համար)  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- հայտնեցին դատախազությունից: