»»Կառավարությունը հարկային ոլորտում գնալու է «դուխով» փոփոխությունների. Փաշինյան

Կառավարությունը հարկային ոլորտում գնալու է «դուխով» փոփոխությունների. Փաշինյան

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում  բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավորների՝ եկամտահարկի դրույքաչափերը՝ մինչև 500 հազար դրամի դեպքում՝ 20 տոկոս, 500 հազարից ավելի դեպքում 25 տոկոս նվազեցնելու նախագծին: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է եկամտահարկի դրույքաչափերի նման փոփոխություններին, սակայն դա պետք է լինի ամբողջական հարկային փաթեթի շրջանակներում:

«Խոսքը վերաբերում է նրան, որ մենք գնում ենք այն ճանապարհով, որ ուղղակի հարկերի դրույքաչափերը վերանայելու եղանակով հնարավորություն ստեղծվի, որ այդ միջոցներն ուղղվեն տնտեսության զարգացմանը: Այս դեպքում ևս պետք է հավասարակշռված մոտեցում ունենանք, քանի որ դրա արդյունքում տեղի է ունենալու հարկային մուտքերի որոշակի նվազում: Մոտավորապես, դա կազմում է 45-47 մլրդ դրամ: Այսպիսի փոփոխությունը պետք է ուղեկցվի այդ միջոցների փոխհատուցման որևէ ծրագրով: Տպավորություն կար, որ դա հնարավոր է իրականացնել վարչարարության միջոցով, բայց միայն դրանով խնդիրը չի կարող լուծվել: Մենք առաջարկում ենք հեղինակներին ձեռնպահ մնալ այս փոփոխությունից, բայց մենք օրակարգում ենք պահում խնդիրը»,- ասաց  նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Դիլիջանում քննարկման ժամանակ որոշել են, որ այս ոլորտում պետք է գնալ «դուխով» փոփոխությունների: «Մենք ճիշտ եզրահանգման ենք եկել, որպեսզի ոչ թե գնանք հարկային օրենսգրքի հատվածական փոփոխությունների, այլ որոշակի դադար վերցնենք, լուրջ հետազոտական աշխատանք կատարենք ու ամբողջական փոփոխությունների գնանք: Պետք է ինտենսիվացնենք աշխատանքը, որ ժամկետները հետաձգելու կարիք չունենանք: Սեպտեմբերին պետք է փաթեթը արդեն ԱԺ ներկայացնենք: Գործարար դաշտը անհամբերությամբ սպասում է այս որոշումներին», ընդգծել Նիկոլ Փաշինյանը:

2018-07-10T14:54:35+00:00 Հուլիսի 10 14:54|Տնտեսություն|0 Comments