Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը մեղադրել է Մոսկվային Էյմսբերիում նյարդապարալիզացնող նյութով թունավորված կնոջ մահվան համար, հաղորդում է Reuters-ը։

«Պարզ ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանը հարձակում է գործել բրիտանական հողի վրա, որի հետեւանքով մեր քաղաքացին է զոհվել»,-հայտարարել է նա խորհրդարանում ելույթի ժամանակ։

Նրա կարծիքով,  Մոսկվային դատապարտելու գործում միջազգային հանրությունը կմիանա Բրիտանիային։ Նշենք, որ հուլիսի 4-ին Էյմսբերիում երկու մարդ հայտնվել են անհայտ նյութի ազդեցության տակ։ Կիրակի օրը տուժողներից Դոն Ստերջեսը մահացել է հիվանդանոցում, 45-ամյա Չարլի Ռոուլիի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։