Այսօր Պայծառակերպության ժողովրդական համարժեքի Վարդավառի տոնն է:

Վարդավառ բառը տարբեր իմաստներով է ստուգաբանվում,    ժողովրդական անվանումը հավանաբար գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի:

Այս տոնի ժամանակ սովորություն կա ժողովրդի մեջ աղավնիներ թռցնելու և միմյանց վրա ջուր ցողելու, որը գալիս է Նոյ նահապետի օրերից, ի հիշատակ ջրերի ետ քաշվելուն:

Վարդավառի ժողովրդական ծիսահամալիրի կենտրոնում գլխավորը ջուրն էր, ինչպես նաև մատաղը, աղավնին և խնձորը: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչը Աստվածորդու փառքի երևման առիթով մեծ ուրախության արտահայտությունն է:

Տոնի ժամանակ միմյանց ջրում էին բոլորը ով ինչով կարող էր՝ հաշվի չառնելով ո՛չ տարիքը, ո՛չ սեռը, ո՛չ հասարակական դիրքը: Այդ օրը սկեսրոջ վրա նույնիսկ չխոսկան հարսն էր համարձակվում ջուր լցնել կամ քավորի վրա` սանամայրը և ոչ ոք չէր դժգոհում կամ վիրավորվում: Այս ամենն ուղեկցվում էր երգ ու պարով, խաղերով:

Լեռնային շրջաններում, ուր համեմատաբար զով էր, ավելի շատ կազմակերպում էին հեռավոր ուխտագնացություններ: Ժողովուրդը, մի քանի օրվա պաշար վերցնելով, մեկնում էին սրբավայրեր:

Այս ուխտագնացություններն ուղեկցվում էին մատաղներով և զանգվածային խնջույքներով, կազմակերպվում էին ամենատարբեր միջոցառումներ`խաղեր, ըմբշամարտեր, փահլևանների մրցույթներ, ձիարշավներ, աշուղների մրցույթներ, տոնավաճառներ և այլն:

Վարդավառի առնչությամբ նորապսակների ազգականներն էին առաջին հերթին միմյանց նվերներ մատուցում` մրգեր, չրեղեն, հագուստներ և զարդեղեն: Հատկապես տարածված էր խնձոր նվիրելու սովորույթը:

Վարդավառը շատ հաճախ զուգադիպում էր խոտհնձի և բերքահավաքի շրջանին: