«Կարեւորը առավոտները խաղաղ լինեն, ամեն ինչն էլ լավ կլինի»: Հիմնականում այսպես են պատասխանում Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչները, ի պատասխան այն հարցի, թե ինչպես ե՞ք:

Չորաթանը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներից է: Վաղ առավոտյան՝ աքլորականչին, արդեն իսկ գյուղաբնակները ոտքի վրա են: Բազմաթիվ գործեր կան անելու: Մեկը տավարն է տանում հանդամաս, երկրորդը՝ բահն է ձեռքը վերցնում, երրորդը՝ թոնիրն է թեժացնում: Գյուղաբնակներից մի քանիսին վաղ առավոտյան հանդիպեցինք գյուղամիջում: Գյուղի փոքրիկներն էլ էին տեղում: Կարմրաթուշ, թոնրի թարմ ու տաք հացը համտեսելով վազվզում են: Առօրյան գյուղում հետաքրքիր է անցնում: Չորաթանցիները ժամանակը իզուր չեն վատնում: Ամառվա ամիսները օգտագործում են գյուղատնտեսական եւ անասնապահական աշխատանքներիրականացնելու համար:

Գյուղի բնակչության թիվը հասնում է  800-ի: Կենտրոնում հավաքվածները ուրախությամբ շեշտում էին, եթե նախկինում գյուղից երիտասարդները հեռանում էին, հիմա մնում եւ տեղում են աշխատում:  Գյուղում ձեռնոցների գործարան է հիմնվել: «Երիտասարդների մեծ մասը աշխատում է, կարողանում են իրենց ընտանիքը պահել, արտագաղթ չկա»: Գյուղը հակառակորդի նշանառության տակ է, բայց բարեբախտաբար կրակոցներ չեն լինում:

Չորաթանցիները հիմնականում գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ են զբաղվում: «Կարեւորն այն է, որ երիտասարդները այստեղ են մնում»,- ասաց գյուղի տարեցներից մեկը: Ծնունդների թիվը եւս վերջին տարիներին ավելացել է:

Ներկայումս գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 104 աշակերտ: Տարիներ առաջ թիվը չորս անգամ շատ էր:

Նոր իշխանությունից սպասելիքները մեծ են: Փոփոխությունները, որոնք տեղի են ունենում  գյուղում վստահ են չեն շրջանցի նաեւ սահմանամերձ համայնքները:

Այս ամենին զուգահեռ, որոշակի խնդիրներ եւս կան: Գյուղ տանող ճանապարհները գտնվում են անբարեկարգ վիճակում: Չնայած մեկնարկել են  ճանապարհաշինական աշխատանքներ, բայց դրանք դեռ  գոհացնող չեն: Չորաթանում հույս են հայտնում, որ առկա խնդիրները լուծելու համար եւ մարզային  եւ կենտրոնական իշխանությունները  համապատասխան ֆինանսավորում կտրամադրեն:

Խնդիրներից խոսել շատ չեն ցանկանում: Ամենակարևորը սահմանին խաղաղություն լինի, մաղթում են գյուղաբնակները:

Այստեղ մարդիկ հյուրասեր են, սրտաբաց ու ժպտերես: Հայրենիքը սկսվում է սահմանից, ասում են գյուղաբնակները: Չորաթանցին ամուր կառչած է իր հողին: Գյուղում ապրում, արարում ու սիրահարվում են: