Հայաստանի նոր իշխանությունների օրոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը վերականգնելու հնարավորություն է ստեղծվել: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին «Ղարաբաղյան խնդիրը նոր քաղաքական պայմաններում. Թուրքիայի գործոնը» թեմայով քննարկմանն ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Քաղաքագետի խոսքով՝ 2012 թվականից ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային իրական գործընթաց չկա. «Նախկինում էլ եղել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների հանդիպումներ, բայց դա բանակցություն չէ: Հայաստանի նոր իշխանությունների օրոք հնարավորություն է բացվում բանակցային գործընթացը վերականգնել, այստեղ նաեւ ադրբեջանցիներն անելիք ունեն»:

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ Բաքուն պետք է ոչ թե շարունակի ռազմական հռետորաբանությունը, շարունակաբար մթնոլորտը լարող հայտարարություններ անի, այլ օգտագործի փաստը, որ Հայաստանում լեգիտիմ իշխանություն է հաստատվել:

«Սերժ Սարգսյանը կյանքում չէր կարողանալու լուծել Ղարաբաղի հարցը, քանի որ լեգիտիմ չէր, ոչ ոք իրեն ոչ մի բանում չէր սատարում Հայաստանում: Իսկ Նիկոլ Փաշինյանի պարագայում ունենք հետաքրքիր մի իրավիճակ, երբ վստահությունն ու լեգիտիմությունը շատ բարձր է: Ադրբեջանցիները պետք է խելոքանան եւ այդ հանգամանքը օգտագործեն»,- հավելեց նա:

Բանակցային գործընթացում Ղարաբաղին ներգրավելը, նրա խոսքով, նորություն չէ. «Ղարաբաղին ներգրավելու մասին Հայաստանի նոր իշխանությունների առաջարկը չեմ ընկալում որպես նոր ձեւաչափ կամ որպես ինչ-որ նոր բան։ Թարմացնում են այն, ինչ եղել է: Նոր իշխանություններն ասում են, որ պատրաստ ենք բանակցել, երկրորդ՝ ասում են, որ պատրաստ են միայն խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, եւ հավելում, որ եթե ուզում ենք արագ հասնել արդյունքի, ակնհայտ է, որ ղարաբաղյան կողմը՝ Ղարաբաղի ընտրված իշխանությունները, պետք է մասնակցեն բանակցային գործընթացին։ Նախկինում էլ ադրբեջանցիները դիմադրում էին, դա իրենց իրավունքն է, բայց հայկական կողմը չի ասում՝ մենք հրաժարվում ենք բանակցային գործընթացից, ուղղակի ասում ենք ադրբեջանցիներին՝ ուզո՞ւմ եք արագ լուծվի, ուրեմն լսեք՝ ինչ ենք ասում»:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին՝ քաղաքագետը շեշտեց, որ ադրբեջանցիները դրական են վերաբերվել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը, քանի որ իշխանությունից հեռացան «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչները, ովքեր ունեին կոշտ դիրքորոշում. «Իշխանության եկան մարդիկ, ովքեր քաղաքացիական դեմքեր են, ուստի նրանք հասկանում են՝ մի քիչ կհեշտանա բանակցային գործընթացը։ Բայց հետո սկսեցին մտահոգվել, քանի որ ՀՀ-ում սկսվեց լուրջ պայքար կոռուպցիայի դեմ։ Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը բանակում նշանակում է մարտունակության բարձրացում»:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ պետք է մեսիջներ ուղարկել Ադրբեջանին այն  մասին, որ պետք չէ մոռանալ՝ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը տարբեր դեմքեր են:

«Սերժ Սարգսյանի վրա շատ կոմպրոմատ ուներ, օրինակ, ՌԴ-ն, եւ հենց այդ պատճառով 2016 թվականի ապրիլին մենք հակահարված չտվեցինք: Ռուսաստանից Սերժ Սարգսյանին ասեցին՝ տեղդ նստիր, եւ նա նստեց։ Նիկոլ Փաշինյանը նման խնդիր չունի: Իլհամ Ալիեւը պետք է իմանա, որ եթե գնա սադրանքի, հակահարված կստանա, մեր տղերքը առաջ կգնան, ու ոչ մի երկրի ղեկավար չի կարող Նիկոլ Փաշինյանին կանգնեցնել, քանի որ նա լեգիտիմ է»: