ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել ՍԴ դատավորի առաջադրման և ընտրության անցկացման մասին հայտարարությամբ, որտեղ նշում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին:
Հայտարարությունում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Դիլանյանի թեկնածությունը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայտարարում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»:
Նշենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Ելիզավետա Դանիելյանին, սակայն ԱԺ-ն չէր հաստատել նրա թեկնածությունը:
Ավելի վաղ ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում չէր հաստատել նաեւ ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Էմիլ Բաբայանին:
Այս պահին ՍԴ-ում երկու դատավորի տեղ թափուր է: