Լոռու մարզպետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ Մարգարյանը հայտարարում է՝ իր եւ փոխմարզպետների միջեւ որեւէ լարված հարաբերություն չկա, հակառակը՝ մարզպետարանում ձեւավորված է աշխատանքային նորմալ մթնոլորտ: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետը, անդրադառնալով որոշ լրատվամիջոցերում տեղ գտած այն հրապարակումներին, թե պայմանավորվածություն է խախտվել, եւ երկու փոխմարզպետներն էլ նշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: «Իմ խոսքը կոնտեկստից կտրված է եղել: Ըստ էության  որոշ մարդիկ այս կերպ փորձում են հարաբերությունների  մեջ սեպ խրել, ինչը վստահ եմ չի ստացվի»,- ասաց Հրանտ Մարգարյանը:

Նրա խոսքով՝ մարզպետարանում աշխատանքային նորմալ հարաբերություններ են ձեւավորված մարզպետի եւ մարզպետարանի աշխատակիցների միջեւ: «Մենք աշխատելու ենք հանուն Լոռու մարզի խնդիիների՝  թիկունք- թիկունքի տալով»,- ասաց մարզպետը:

Հրանտ Մարգարյանը հայտնեց, որ մարզում առկա խնդիրները լուծելու են ըստ առաջնահերթությունների, իսկ հանդիպումները մարզում շարունակական են լինելու: