Հունիսի 28-ին պաշտոնական այցելությամբ Բեռլին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի հետ։

Ողջունելով ֆորումի նախագահ Վայլերին` Զոհրաբ Մնացականյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցության կապակցությամբ, որում իր նշանակալի դերակատարությունն է ունեցել 2015 թվականից ի վեր ակտիվ գործունեություն ծավալող Գերմանա-հայկական ֆորումը։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Գերմանիայի դերակատարությունը որպես Հայաստանի կարևոր գործընկեր ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական առումով։

Ալբերտ Վայլերը նախարար Մնացականյանին ներկայացրեց Ֆորումի գործունեությունը և առաջիկա ծրագրերը՝ ուղղված հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերի ընդլայնմանն ու բազմաշերտ համագործակցության խթանմանը։

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց, որ այդ բանաձևը հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունի արդարության վերականգնման տեսակետից և այն միաժամանակ Գերմանիայի կարևոր ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման առումով, որի առաջամարտիկներից է Հայաստանը։

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ նոր կառավարությունն իր գործողություններով ապացուցել է իր հաստատակամությունն՝ արմատախիլ անելու կոռուպցիան, ապահովելու արդարություն, տնտեսական և սոցիալական ոլորտում բոլորի համար հավասարություն։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն իրենց կողմից ձեռնարկվող ջանքերում մեծապես կարևորում են միջազգային գործընկերների աջակցությունը։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Այս համատեքստում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ԵՄ մի շարք երկրների խորհրդարաններ արդեն վավերացրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և այժմ Հայաստանն ակնկալում է նաև Բունդեսթագի կողմից համաձայնագրի վավերացումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Գերմանա-հայկական ֆորումի նախագահին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առնչությամբ հայկական կողմի մոտեցումներն ու առաջնահերթությունները՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչպես նաև այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։