ՀՀ ոստիկանության ծառայողները Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի հայտնաբերման և ձերբակալման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հունիսի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը Մանվել Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում էր կայացրել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ գլխավոր դատախազը ներկայացնում էր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հիմքերը, ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ գեներալը ապօրինի զենքը նաև կնոջ՝ Նազիկ Ամիրյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ է պահել:

Բացի այդ՝ ոստիկանությունն էր հայտարարել, որ Նազիկ Ամիրյանը հանձնարարել էր ԵԿՄ գրասենյակից զինվորի բաժին գրառմամբ մոտ 3000 հատ մսի պահածոներ տեղափոխել այլ վայր:

Ավելի վաղ  մեղադրանք էր  առաջադրվել նաեւ կալանավորված Մանվել Գրիգորյանի որդուն՝ օրերս Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տված Կարեն Գրիգորյանին:

Մեղադրանքը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման հոդվածով է, իսկ յուրացրել է կրտսեր Գրիգորյանն, ըստ իրավապահների, Ղարաբաղի բանակին փոխանցելու համար իրեն հանձնված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: Ընդ որում, ըստ Հատուկ քննչական ծառայության, հափշտակել է ոչ մենակ, հոր՝ Մանվել Գրիգորյանի հետ։