Մինչև նոյեմբեր միջազգային շուկայից իրանական նավթը հանելը, ինչպես կոչ էր արել Միացյալ Նահանգները, անհնար է: Այդ մասին Tasnim իրանական գործակալությանը հայտնել է Իրանի նավթի հարցերով պաշտոնյան, հաղորդում է Reuters գործակալությունը:

«Իրանն արտահանում է օրական 2,5 միլիոն բարել նավթ, և այն հեշտությամբ և մի քանի ամիսների ընթացքում վերացնելն անհնար է»,- ասել է պաշտոնյան:

ԱՄՆ պետքարտուղարությունը երեքշաբթի կոչ էր արել բոլոր երկրներին նոյեմբերից սկսած դադարել իրանական նավթ ներկրել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ին: Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր համաձայնագրի կնքումից հետո: