Հայաստանի ներկայիս կառավարությունը տարածաշրջանի ամենաժողովրդականն է, ավելին, Հայաստանի կառավարությանը լիակատար աջակցում է հայկական սփյուռքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում իր ելույթին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ինչպես եւ խոստացել էի, այսօր կանդրադառնամ Վենետիկ կատարած աշխատանքային այցիս մանրամասներին, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթիս:

Հպարտությամբ եւ պատասխանատվությամբ հայտարարեցի, որ իրականացնելով թավշյա, առանց բռնության, սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն, Հայաստանը հաջողությամբ է անցել այդ քննությունը, եւ այսօր վստահորեն կարելի է պնդել, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը տարածաշրջանի ամենաժողովրդականն է, ավելին, Հայաստանի կառավարությանը լիակատար աջակցում է հայկական սփյուռքը:

Նշել եմ, որ մեր կառավարությունն իր առջեւ խնդիր է դրել կառուցել մի երկիր, որտեղ մարդն իրեն երջանիկ կզգա: Մեր կառավարության ամենամեծ առաքելությունն է ժողովրդին վերադարձնել՝ իշխանությունը ձեւավորելու իր անառարկելի իրավունքը:

Հիմնական շեշտադրումս հետեւյալն էր, որ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչի համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական եւ տեխնիկական համապատասխան պայմաններ՝ ընտրություններն ազատ եւ արդար կազմակերպելու եւ անցկացնելու համար: Մի քանի խոսքով ուրվագծել եմ նաեւ մեր փոփոխությունների ուղղությունը՝

• Հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից՝ ապահովելով մաքուր համամասնական ընտրակարգ,

• Ներդնել կրկնաքվեարկությունները կանխելու մեխանիզմներ,

• Մաքրել ընտրական ցուցակները,

• դատական պաշտպանության իրավունքը դարձնել գործնականում իրագործելի, եւ այլն»: