Փրկարարական ծառայություն հունիսի 26-ին՝ ժամը 15:46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածի թիվ 114 մանկապարտեզի մոտ գտնվող աղբամանի մոտ  սնդիկ կա թափված:

Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, սնդիկի զանգվածը 1 քառակուսի մետր մակերեսի վրա է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ՝ քիմիական, կենսաբանական և ճառագայթային  մոնիթորինգի խումբը, ովքեր  ամբողջությամբ սնդիկը հավաքել են և տեղափոխել անվտանգ տարածք, իսկ վերջում հրշեջ փրկարարները ջրի հոսանքով  տարածքը լվացել են:

«Որևէ կոտրված տարա կամ հուշում, թե որտեղից կարող էր հայտնվել սնդիկը,  փրկարարները չեն նկատել»,- նշել են լրատվական ծառայությունից: