Irakanum.am-ն արդեն հրապարակել էր, որ օրերս Պետական եկամուտների կոմիտեն, ուսումնասիրություններ կատարելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Գյումրի-Գարեջուր» ընկերությունում, պարզել էր, որ այն պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամ` ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն` շահութահարկ:

Ըստ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության, «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ: «Բացի այդ, ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունից ստացված հաղորդման համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից: Մինչդեռ նախնական ուսումնասիրությունը կասկած է հարուցում, որ ծառայություններն իրականում չեն մատուցվել, սակայն նվազեցվել են համախառն եկամտից: ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ», -նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՊԵԿ հայտարարությանը նշեց, որ  եթե ինչ-որ խախտումներ լինեն, կպարզաբանեն, եւ, ըստ Բալասանյանի, բնականաբար ամեն ինչ իր տեղը կընկնի:

«Ես չգիտեմ, ճիշտն ասած, 4 տարի երեւի Գյումրի Գարեջուր չեմ մտել, բայց եթե կան էդպիսի բաներ, բերեք ես մանրամասների մեջ չմտնեմ, հետաքննություն է գնում, բերեք չխանգարեմ: Հիմա ամենակարեւոր խնդիրն այն է, որ էն իրականությունը, որը կա, բացահայտվի, որպեսզի հասկանանք: Պարզ է, պետք է ստուգեն, բոլոր տեղերը ստուգում են, ես ամեն օր ծանուցում եմ տալիս քաղաքի բնակիչներին, որպեսզի իրենց հարկերն ու տուրքերը, գույքահարկը, հողի հարկը մուծեն: Ո՞նց կարող ենք հարկ չհավաքել եւ գոյատեւել: Ի՞նչ կարեւոր է՝ գարեջուրն է, թեթեւ արդյունաբերությունն է, բոլորը պետք է մուծեն: Էնտեղ ձեւակերպումներ կան, խաղի այլ  կանոններ կան եւ այլն, որը ինչ-որ տեղ տարբեր բաներ է առաջացրել, բայց հիմա դա կապ չունի: Կա օրենք, բոլորս պետք է ենթարկվենք եւ մուծենք: Եթե ինչ-որ պատժելու մարդ կա, պետք է պատժել, եթե հարկը չեն մուծել, պետք մուծեն, բոլորս պետք է անենք դա»,-ասաց Սամվել Բալասանյանը:

«Գյումրի Գարեջուր» ընկերության նախագահը Սամվել Բալասանյանի ավագ որդի Միսակ Բալասանյանն է: Տնօրենը՝ ընտանիքի բարեկամ Արշալույս Սանոյանը: Այս պարագայում ինչպե՞ս կարող էր Բալասանյանը չիմանալ ընկերության ֆինանսական խնդիրների մասին: «Ի՞նչ կապ ունի իմ որդին, ի՞նչ է, ես իմ որդուն ասել եմ՝ հարկը չմուծե՞ս: Որեւէ մեկի մտքով չանցնի էդպիսի բան, մենք ազնիվ բիզնես աշխատող ենք եղել, մենք կույտերի միջից ենք հառնեցրել այդ գործարանը, եւ ոչ միայն դա: Երբ հետաքննությունն ավարտվի, ամեն ինչ պարզ կդառնա, բայց ես վստահ եմ, որ դա 2016 թվականի թվերի մասին է խոսքը»,-ասաց Սամվել Բալասանյանը: