»»Եթե ՀՔԾ-ն Արտակ Պողոսյանի արարքում հանցագործության հատկանիշ հայտնաբերեր, նա վաղուց ազատված կլիներ. ՀՀ փոխոստիկանապետ

Եթե ՀՔԾ-ն Արտակ Պողոսյանի արարքում հանցագործության հատկանիշ հայտնաբերեր, նա վաղուց ազատված կլիներ. ՀՀ փոխոստիկանապետ

Արտակ Պողոսյանին Երեւանի ոստիկանապետ նշանակելիս ոստիկանության ղեկավարությունը հաշվի է առել նրա մասնագիտական, մարդկային որակները, երկարամյա փորձը, բարձր պրոֆեսիոնալիզմը: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի փոխոստիկանապետ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով այս նշանակման վերաբերյալ սոցցանցերում ծավալված բուռն քննադատություններին:

Նշենք, որ Արտակ Պողոսյանը մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2014թ.-ին՝ լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով: Այն ժամանակ Անի Գեւորգյանը հաղորդում էր ներկայացրել, որ ոստիկանության բաժնում այն ժամանակվա Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ձեռքով հարվածել էր իր դեմքին: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործն ամիսներ անց կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով: Անցնլով ներպետական բոլոր ատյաններով` լրագրող Անի Գեւորգյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Ոստիկանությունն արդեն պաշտոնական պարզաբանում տվել է, բայց ես ավելացնեմ հետեւյալը: Հատուկ քննչական ծառայությունում ժամանակին հարուցբել է քրեական գործ, քրեական գործով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել Արտակ Պողոսյանի կողմից Անի Գեւորգյանի նկատմամբ բռնություն գործադրելը: Անի Գեւորգյանն այդ ժամանակ բողոք էր ներկայացրել գլխավոր դատախազին, բողոքը մերժվել է: Այս որոշումներն Անի Գեւորգյանը դատարանում բողոքարկել է, դրանք մերժվել են: Պետք է հիշել, որ անմեղության կանխավարկած կոչվածը վերաբերում է բոլորին՝ թե լրագրողին, թե ոստիկանության ծառայողին: Արտակ Պողոսյանին նշանակելիս ոստիկանության ղեկավարությունը հաշվի է առել նրա մասնագիատկան, մարդկային որակները, երկարամյա փորձը, ենթակա անձակազմի կողմից ընդունված լինելու փաստը, բարձր պրոֆեսիոնալիզմը: Եթե անմեղության կանխավարկածի տրամաբանությամբ դիտենք, Արտակ Պողոսյանի նշանակումը որեւէ բացասական լույսի ներքո չպետք է նայել»,- ասաց Արման Սարգսյանը:

Հարցին՝ Անի Գեւորգյանը ՄԻԵԴ է դիմել, ճիշտ չէր լինի սպասե՞լ՝ մինչու վճիռ կլիներ, Հանրապետության փոխոստիկանապետն արձագանքեց. «Իսկ եթե ՄԻԵԴ-ը, որը չեմ կասկածում՝ կայացնի որոշում, որով նորից Արտակ Պողոսյանի անմեղությունը կհաստատվի, այդ կարգի պրոֆեսիոնալ կադրին թույլ չտա՞լ պաշտոնի առաջխաղացում ունենալ: Նորից եմ ասում՝ եթե Հատուկ քննչական ծառայությունը, որն անկախ մարմին է, Արտակ Պողոսյանի արարքում հայտնաբերեր ինչ-որ հանցագործության հատկանիշներ, կարգապահական տույժի կարգով նա վաղուց ազատված լիներ ոստիկանությունում ծառայությունից»:

2018-06-23T23:15:08+00:00 Հունիսի 23 23:26|Քաղաքականություն|0 Comments