«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իրենց կառույցի՝ ժամանակին արված զեկույցներից տվյալներ, որոնք վերաբերում են «Երկրապահ կամավորականների միությանը» եւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի իշխանությունն այնպիսին էր, որ ով նրան մեքենայով վազանց էր անում, պետք է ծեծ ուտեր, իսկ որ մեքենան գեներալին դուր գար՝ նրանը պետք է լիներ. «1995 թ.-ին, ԵԿՄ-ի առաջին «սխրագործությունը» յոթ կրոնական կազմակերպությունների պայթեցումն էր, կրոնական 7 կազմակերպությունների անդամների  ծեծուջարդն էր` իբր նրանք առաքելական չեն, ուստի հայ չեն»:

Նրա խոսքով, նույն թվականին «սեփական մեթոդներով» ԱԺ ընտրություններ կազմակերպելով հայտնի ԵԿՄ-ականները Ազատության հրապարակում ծեծուջարդ են կազմակերպել, ու էլի ոչ ոք չի պատժվել: «Այդպես շարունակվեց մեր օրերը: Ավելին՝ ասեմ նույն ԵԿՄ-ի եւ Վազգեն Սարգսյանի միջոցով եղավ հեղաշրջում երկրում»,- ասաց Իշխանյանը:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործունեությանը՝ Ավետիք Իշխանյանը մի դեպք պատմեց. «Գորիսում 1990-ականներին, երբ նա ապրում էր հայտնի գեներալի տանը, փողոցից աղջիկներ են բռնի տարել այնտեղ: Աղջիկներից մեկի հայրը գնացել էր այդտեղ, հորը ծեծել են ու նկուղ գցել, որից հետո նա կաթվածից մահացել է: Այս դեպքերի մասին գիտեր իշխանությունը: Գեներալ Մանվել համբավը հասել էր Եվրոպա: Ցանկացած հայ, որը պետք է Եվրոպայում քաղաքական ապաստան ստանար, բավական է ունենար փոքր կապ գեներալ Մանվելի հետ, ապաստան ստանալու հարցը լուծված էր»: