ԵԹԿՊԻ դասախոսների մեծ մասն ինստիտուտի քննությունների բալային համակարգն իրենց համար դարձրել են ուսանողների մոտ ինքնահաստատման միջոց։ Հատկապես կինոյի ամբիոնի դասախոսների մեծ մասը, բաց ու ակնհայտ կերպով , իրենց վատ սովորող երեխաներին, բոլոր ուսանողների ներկայությամբ նշանակում են ակնհայտ բարձրագույն բալեր, որպեսզի իրենց ծանոթների երեխաները և, որ ամենացավալին է, իրենց իսկ զավակները վճարովի համակարգից անցնեն անվճար։ Եվ մյուս՝ ակնհայտ լավ ու գերազանցիկ ուսանողների քթից բռնած, նշանակում են ցածր ու փորձում զրկել անվճար մնալու կամ վճարովի համակարգից անվճար անցնելու հնարավորությունից։

Սա ակնհայտ կոռուպցիոն խնդիր է, քանի որ գործ ունենք փողի հետ։ Այսինքն, թատերականի շատ դասախոսներ շարունակում են իրենց նախկին գործելաոճը՝ իրենց զավակներին վճարովի համակարգից արհեստականորեն անցկացնում են անվճար, իրենց սեփական ուսերից թոթափելով 650.000 դրամի հասնող տարեկան բեռը։ Այնինչ, սովորող լավ ուսանողը ստիպված դիմում է կամ զուգահեռ աշխատանքի, կամ ծնողին դնում է ավելորդ բեռի տակ։

«Դե, դասախոսի երեխան է» արտահայտությունը, հատկապես բալային համակարգ անցնելուց հետո, ԵԹԿՊԻ-ում դարձել է ականջին շոյող խոսակցություն։ Ես ինքս սովորել և ավարտել եմ նույն ինստիտուտը, ինքս եղել եմ դասախոսի որդի, բայց ունեցել եմ բազում լիկվիդներ: Եվ հենց դասախոսի որդի լինելու փաստը իմ այդ տարիների ռեկտորին ստիպեց դիպլոմային աշխատանքս գնահատել 3 և հանձնաժողովի մնացած անդամների 5 գնահատականները դարձան 4 և իմ դիպլոմայինի պաշտպանության գնահատականը մնաց 4։ Ես չունեմ կապույտ դիպլոմ, քանի որ ես չառաջնորդվեցի «ես դասախոսի տղա եմ» սկզբունքով և, ի տարբերություն մյուս դասախոսների երեխաների. հորս և ինձ ազատեցի այդ կարմիր գույնի թուղթը ունենալու մոլուցքից։

Ինչպես բոլոր ինստիտուտներում, ԵԹԿՊԻ-ում նույնպես եղել է դասախոս և ուսանող ընկերական հարաբերությունները։ Ես ինքս երբեմն ստացել եմ քննություններ, որոնք դրվել են խնդրանքով ու վերապահումով, բայց ոչ երբեք հետս զուգահեռ սովորող մյուս ուսանողների բարոյականության խախտման կամ գնահատականի հաշվին։ Բայց պարզվում է, հիմա խնդիրը զուտ թղթի գույնի մեջ չէ։ Պարզվում է, որ եթե դու դասախոսի երեխա ես, ապա դու պիտի ակնհայտ ստանաս բարձր բալեր և պիտի քո հայրը,մայրը կամ հորդ ու մորդ ընկերները (մնացածի վրա թքած ունենալով) քեզ 97 կամ 98 կամ 99 կամ նաև 100 բալային համակարգով «բրդեն առաջ»։

Ես ցավ եմ ապրում, քանի որ ոլորտի ներկայացուցիչ եմ և իմ բուհը իմ տունն է, որը չեմ հանդուրժի, որ որոշ արկածախնդիրների պատճառով պղծվի։ Երեկ եմ այս խնդրի հետ բախվել և իմ հարգարժան, ներկայիս այդ կինոյի բաժնի դեկան  Անիտա Երզնկյանին ներկայացրել եմ խնդիրը և խնդրել վերացնել այս հարցը։ Հակառակ պարագայում, ես՝ որպես նախկին ուսանող, որպես լրագրող և որպես ՀՀ քաղաքացի, դիմելու եմ համապատասխան մարմիններին և պահանջելու եմ, որպեսզի նման գործերի դեպքում լինի խիստ վերահսկում: Հարկ լինելու դեպքում իմ կողմից կներկայացվի նաև ոստիկանություն՝ գործ հարուցելու պահանջով:

Սուրեն Արենց