Եվրամիության անդամ երկրները իսկապես տպավորված են Հայաստանում քաղաքական իրադարձություններին քաղաքացիական ներգրավվածության մակարդակով եւ շատ ուշադիր հետեւել են այս տարվա մայիսին եւ ապրիլին երկրում տեղի ունեցած իրադարձություններին: Այս մասին հունիսի 18-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեվիդ Մաքալիսթերը:

Ըստ նրա՝ իշխանությունը փոխանցվել է սահմանադրական շրջանակներում եւ առանց զոհերի, եւ միայն դրա համար բոլոր կողմերն արժանի են ճանաչման: «Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի հանդիպենք նոր ղեկավարության հետ եւ քննարկենք, թե ինչպես է այն մտադիր արդարացնել իր քաղաքացիների մեծ ակնկալիքները»,- հայտարարեց նա:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը շեշտեց, որ ԵՄ-ն կոնկրետ քաղաքական գործիչների կամ կուսակցության չի սատարում, այլեւ՝ ամբողջ Հայաստանի մարդկանց եւ ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանն ուղղված քաղաքականությանը:

Խոսելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին՝ Դեվիդ Մաքալիսթերը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է դիտորդի կարգավիճակ ստանձնել հաջորդ ընտրություններին: Միեւնույն ժամանակ, նա խոսել է նախորդ ընտրություններին նկատած մի շարք չարաշահումների, այդ թվում, ընտրողների ահաբեկման եւ նրանց ձայները գնելու դեպքերի մասին: «Մենք հույս ունենք, որ նման չարաշահումներ հետագայում չեն լինի եւ անհրաժեշտ փոփոխություններ կիրականացվեն»,- ընդգծել է նա: