Հունիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց «Երազանքի գյուղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր արդեն մի քանի ամիս է, ինչ գործունեություն են ծավալել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում զբոսաշրջությունն արմատավորելու և զարգացնելու ուղղությամբ:  «Երազանքի գյուղ» կազմակերպության  անդամները  մարզպետին ներկայացրին իրենց առաքելության նպատակը և այն ծրագիրը, որն իրենք փորձում են  կյանքի կոչել Դրախտիկում՝  ուղորդելով համայնքի բնակիչներին՝ օգտագործելու սեփական ռեսուրսներն ու գրավչությունները զբոսաշրջության զարգացման ոլորտում:

«Երազանքի գյուղ» հասարակական կազմակերպությունը  ձևավորվել է 21 կամավորների համախմբման արդյունքում: Ծրագրի սկզբում երիտասարդները Դրախտիկ համայնքում համատեղ ուժերով գնել են մի բնակարան, վերանորոգել այն, վերածել «Օֆիս»— բնակարանի:  «Հիմնեցինք «Երազանքի գյուղ» հասարակական  կազմակերպությունը: Սկսեցինք աշխատել: Համախմբվեցինք մեկ գաղափարի շուրջ,  գյուղը «դժոխքից դրախտ» տեղափոխելու նպատակով»,— նշեց հասարակական կազմակերպության ղեկավարը:

Երիտասարդ կամավորներն  այնուհետև   ուսումնասիրել են  համայնքի կենսապայմաններն ու մարդկային ռեսուրսները, աշխատել յուրաքանչյուր գյուղացու հետ, նրանց սովորեցրել, թե ինչպես կարելի է զբոսաշրջիկի հետ առնչվել ու կազմակերպել պատշաճ սպասարկում:

Ողջունելով  երիտասարդների նախաձեռնությունը՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը ցանկություն  հայտնեց՝ առաջիկայում անձամբ այցելել Դրախտիկ և տեղում ծանոթանալ ծրագրին:

«Ես խրախուսում եմ  նման հետաքրքիր նախաձեռնությունները, ես ձեր կողքին եմ  և պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակներում աջակցել ձեզ՝ այս ձեռնարկում: Ճիշտ է, մեկ համայնքի օրինակը քիչ կարող է ազդել ողջ մարզի վրա, սակայն համոզված եմ, որ այդ գյուղը կարող է թելադրող լինել և շատ համայնքների իր հետևից տանել: Մեծ ցանկություն և ծրագրեր կան հատկապես Սևանի տարածաշրջանում ձմեռային տուրիզմի զարգացման համար, և ես կարծում եմ, որ այս ուղղությամբ ևս պետք է աշխատանքներ տանել ու հասնել ցանկալի արդյունքի»- նշեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Կազմակերպությունը Դրախտիկում նախատեսում է իրականացնել   նաև տուրիստական քայլարշավներ, ձիարշավներ, այլ նախաձեռնություններ՝ ձգտելով օգտագործել Դրախտիկի աշխարհագրական դիրքի գրավչությունները, որոնք առնչվում են Սևանա լճին և զբոսաշրջային ավանդներ և հաջողություններ ունեցող Կալավան  համայնքին սահմանակից լինելու հետ:

«Երազանքի գյուղ» ՀԿ նախագահի տեղեկացմամբ՝ առաջիկայում սպասվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարի ներդրումային աջակցությունը՝ Դրախտիկում գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների զարգացման ուղղություներում:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին