Երբեմնի իշխող Հանրապետական խմբակցությունը կորցրեց բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում: Այս օրերին խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացնում մի խումբ պատգամավորներ, ինչի արդյունքում 58 հոգանոց խմբակցությունում այս պահի դրությամբ մնացել են  52-ը:

Հիշեցնենք, Հանրապետական խմբակցությունը լքել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը, Շիրակ Թորոսյանը և գործարար պատգամավորներ Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը եւ Սամվել Ալեքսանյանը։

ՀՀԿ-ի պառակտվածությունը, սակայն չի ավարտվի միայն խորհրդարանի պատերի ներսում։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀԿ-ն իշխանափոխությունից հետո բազմաթիվ դիմումներ է ստանում իր կուսակիցներից, ովքեր դադարեցնում են անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն առաջիկայում ՀՀԿ-ն լքելու մասին կհայտարարի նաեւ Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Նրա հետ միասին նաեւ պատգամավոր եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը։

Մեր ունեցած տեղեկություններով ՀՀԿ-ն կլքի նաեւ նախկին վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը։ Միաժամանակ Կարապետյանի հետ միասին ՀՀԿ անդամակցությունը կդադարեցնեն նաեւ մեկ գիշերում հանրապետականացված «գազավիկները»։

Irakanum.am