Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն է տարածել, որտեղ մանրամասնում է, թե ինչու պատգամավորական մանդատը վայր դրել և լքել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

«Իմ կողմից՝ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու մասին մամուլում շրջանառված տեղեկությունների արդյունքում կարող է տպավորություն ստեղծվել, որ ես այս քայլն անում եմ այլ մարդկանց կողմից մարզպետ նշանակվելու պատճառով, բայց ո՛չ, ի գիտություն հայտնեմ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկար դադարից հետո իշխանության մաս է կազմում, իսկ ես այս լուսավոր օրը հրաժարվում եմ նաև ռեյտինգային կարգով ստացած պատգամավորի իմ պաշտոնից, որը, ի դեպ, առավել բարձր պաշտոն է, քան մարզպետինը: Ինձ համար երբևէ պաշտոն զբաղեցնելը ինքնանպատակ չի եղել, առաջնային են եղել իմ խիղճն ու սկզբունքները: Այս պահին քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ: Որոշումս կայացրել եմ Սյունիքի իմ ընկերների և թիմակիցների հետ քննարկման արդյունքում: Անկախ այս ամեն ինչից, շարունակելու եմ լինել հայ մարդու կողքին, սյունեցու կողքին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացքում անշահախնդիր և անդավաճան եղել են իմ կողքին: Շնորհակալ եմ սյունեցիներին»,- ասվում է հայտարարությունում: