Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից 6537 հայտ է ստացել: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հաշվի առնելով, որ Հանրապետության նախագահի աշխատակազմի ժամանակավոր թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մասին հայտարարությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքացիների շրջանում, հայտնում ենք, որ նախագահի աշխատակազմը 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից 6537 հայտ է ստացել:

Գոհունակությամբ նշելով այս մասին և վերահաստատելով հրապարակային ու թափանցիկ աշխատելու գործելակերպը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմը վստահեցնում է, որ ուղարկված բոլոր հայտերն առանց բացառության ուսումնասիրվելու են, իսկ ընտրությունը կատարվելու է բաց, թափանցիկ գործընթացներով եւ բացառապես օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերով»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ ներկայում ամփոփվում են ստացված հայտերը: «Պաշտոնի անձնագրերով սահմանված պահանջներին չհամապատասխանող անձանց տվյալները կընդգրվեն Հանրապետության նախագահի աշխատակազմի կադրերի շտեմարանում՝ հետագայում հնարավորության դեպքում թեկնածությունները կրկին դիտարկելու համար»,- նշվում է հայտարարության մեջ: