Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ բարձրացրել էր  հրավառությունների խնդիրը և օրինակ բերել, որ Նորք-Մարաշում վերջերս ուշ ժամի գրանցվել է հրավառություն, որի ձայնագրությունը կա համացանցներում: Նորանշանակ նախարարը վարչապետ Նիկոլ Փաշինյանին դժգոհել էր, թե նախկինում նույնիսկ դիմել է ոստիկանություն, և հարցը ընթացք չի ստացել:

Ի պատասխան    Նիկոլ Փաշինյանն էլ նկատել է, որ Նորք- Մարաշն էլ ոստիկանության բաժանմունք ունի, եւ այնտեղ կարող էր դիմել նախարարը։ Արձագանքել է նաեւ Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշելով, որ  2 օր առաջ հայտարարությամբ են հանդես եկել, նորից մեջբերել նախատեսված պատժամիջոցներն ու տուգանքները խախտումների դեպքում: Ոստիկանապետը  հորդորել է  նախարարին փաստերը ներկայացնել ոստիկանություն:  «Զարմանալի է, որ Դուք դիմել եք, ու արդյունք չի եղել»,-ասել է  ՀՀ ոստիկանապետը: Հետո նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը հիշել է, որ դեպքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ։ Իսկապես զարմանալի է, թե ինչու հանկարծ Թորոսյան Արսենը որոշեց կառավարության նիստում հիշել մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքը, եւ դժգոհել Փաշինյանին։

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում, եւ թե ի՞նչ դեպքի մասին է խոսքը, արդյոք ոստիկանությունն ահազանգ ստացե՞լ է նշված տարածքում հրավառության վերաբերյալ, Irakanum.am-ը պարզաբանում խնդրեց ոստիկանության լրատվական ծառայությունից։ Կառույցից մեզ հայտնեցին, որ խոսքը հունիսի 8-ին տեղի ունեցած հրավառության մասին է, որին ոստիկանությունն արագ արձագանքել է, հրավառություն իրականացնողի ինքնությունն ու շարժառիթը պարզվել է:

«Նորք Մարաշի 13-րդ փողոցում հունիսի 8-ին՝ ժամը 00:30-ին հրավառություն է տեղի ունեցել: Տեղում Նորք Մարաշի ոստիկանները պարզել են հրավառություն իրականացնողի ինքնությունը, իսկ շարժառիթը եղել է թոռան տարեդարձը»,-հայտնեցին ոստիկանությունից և հավելեցին, որ նյութեր է նախապատրաստվում: Ի դեպ այս մասին տեղեկատվությունը տեղադրված է նաեւ ոստիկանության պաշտոնական կայքում։

Ոստիկանությունից նաև ասացին, որ հունիսի 8-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ և հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանրապետությունում ժամը 23:00-ից հետո որևէ հրավառություն տեղի չունենա: