ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2018թ. մայիս ամսին ստացվել է 78 հեռախոսազանգ:

Նախարարության «Թեժ գծի» հեռախոսահամարին զանգահարած քաղաքացին դժգոհությունն է հայտնել «Հյուսիսային ավտոկայարանի» սանիտարահիգիենիկ վիճակի մասին։ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ից քաղաքացուն տեղեկացրել են, որ ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները հանձնվել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, որտեղ ներկայում քննարկվում է տվյալ խնդրի լուծումը:

«Թեժ գծին» զանգահարած մի խումբ այլ քաղաքացիների դժգոհությունն էլ հարուցել էր «Կիլիկիա» ավտոկայարանում իրականացվող տոմսերի վաճառքի խնդիրը: Ըստ նրանց՝ ավտոկայարանում նախապես տոմս չի վաճառվում, քանի որ տոմսավաճառներ չկան: «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն քաղաքացիներին տրված պարզաբանման մեջ նշել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ընկերության 2018 թ. հաստատված հաստիքացուցակում տոմսավաճառների հաստիքներ ներառված չեն: Ուստի ընկերությունը դիմել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ մեկական անձանց հետ, որպես տոմսավաճառ, քաղաքացիաիրավական ժամկետային պայմանագրեր կնքելու թույլտվություն ստանալու հարցով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ 76 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: