«Մեղադրանքները ուղղված են միջազգային կազմակերպությունների՞ն նաև, նրանք է՞լ են խեղաթյուրել»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով այն դիտարկումներին, թե խորհրդարանական ընտրություններն ազատ ու թափանցիկ չեն եղել:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ հիմնական նպատակը, որը կարմիր թելի նման անցավ կառավարության ծրագրի միջոցով, ելույթներում, այն էր, որ փաստաթուղթն ունի նպատակ՝  Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

«ՀՀԿ-ն պատրաստակամ է մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, դրանք կատարելու աշխատանքներին, ավելին՝ պատրաստ ենք քննարկել ցանկացած թեմա:

Միևնույն ժամանակ ողջամիտ ակնկալիք ունենք՝ ԸՕ ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձևաչափով, որով ընդունվել է ներկա ընտրական օրենսգիրքը: Կան ֆիքսված մոտեցումներ, որ ԸՕ-ն ընդունվել է ներառական -թափանցիկ, բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, եղել է քաղաքական կոնսենսուսի արդյունք: Պահանջվող 63 քվեի փոխարեն այն ընդունվել է 100-ից ավել ձայներով»,- նշեց Հովհաննիսյանը: