Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի նպատակները, նախատեսվող գործողությունները և ակնկալվող արդյունքները: Նշենք, որ ծրագիրն իրականացվելու է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում ԵՄ կողմից տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով:
Հանդիպմանը մասնակցել է Երևանի քաղաքապետի տեղակալ, ծրագրի համակարգող խորհրդի ղեկավար Վահե Նիկոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին, CoM-DEP աջակցող խմբի ղեկավար Յան Վանդերսը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև ծրագրի համակարգող խորհրդի և իրագործման աշխատանքային խմբի անդամներ:
Ողջունելով հյուրերին` Վահե Նիկոյանը ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է Եվրոպական միության և մասնագիտացված կառույցների հետ համագործակցությունը, նաև նկատել, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանն իր ծրագրերում հատուկ ուշադրություն է դարձնում էներգաարդյունավետության բարձրացմանը և այս առումով կարևորում տարբեր ուղղություններով ծրագրերի կյանքի կոչումը:
««Երևան՝ արևային համայնք» ծրագրի իրականացման համար 2017 թվականի տարեվերջին Երևանի քաղաքապետարանի և ԵՄ միջև կնքվեց դրամաշնորհի համաձայնագիր, որի նպատակն է խթանել էերգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացումը, կրճատել մեր բնակչության համար էներգետիկ ծախսերը, նվազեցնել ջերմոցային արտանետումները: Կարևորելով ծրագրի իրականացումն ու համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ լիահույս ենք, որ այն կլինի շարունակական՝ ի նպաստ Երևանի զարգացման և մեր բնակիչների կյանքի որակի բարելավման», — հատկանշել է Վահե Նիկոյանը:
«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրում ընդգրկված է բազմաբնակարան բնակելի 90 շենք: Նախատեսվում է նշված շենքերի տանիքներին տեղադրվել արևային ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն վերելակների շահագործման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների, բակերի լուսավորության էլեկտրաէներգիայի պահանջարկը: Այդ տարածքների լուսավորությունն էլ կապահովվի LED լուսատուներով: Այդպիսով շենքերում կստեղծվի վերականգնողական էներգիայի 100% օգտագործման ապահովման մոդել:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին իր հերթին ընդգծելով Երևանում իրականացվելիք ծրագրի կարևորությունը՝ հաջողություններ է մաղթել դրա իրագործման աշխատանքներում:
«ԵՄ-ն Հայաստանում իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ ուղղված էներգաարդյունավետության բարձրացմանը: Ուրախ եմ, որ Երևանը հնարավորություն ստացավ իրականացնել այս ծրագիրը» , — նշել է Անդրեա Բաջիոլին:
Հանդիպման ընթացքում զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն էլ, ներկայացնելով ծրագրի ընթացքն ու մանրամասները, նշել է, որ վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման և էներգախնայողության միջոցառումների իրականացման միջոցով բազմաբնակարան շենքերում կնվազեցվի էներգետիկ սպառումը և դրա հետ փոխկապակցված ջերմոցային գազերի արտանետումները:
Ծրագրով նախատեսվում է էներգասպառման կառավարման գործում աջակցել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին, նաև ընդլայնել համայնք-մասնավոր հատված փոխգործակցությունը՝ նպաստելով ծրագրի վերարտադրությանը:
Հանդիպման շրջանակում մասնակիցները քննարկել և հաստատել են «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի իրականացման աշխատանքային ժամանակացույցը, աշխատակարգը, ինչպես նաև գնումների և հաղորդակցման աշխատացույցերը:
Աշխատաժողովին հաջորդել է «Վերականգնվող էներգետիկ և էներգաարդյունավետության միջոցառումները բազմաբնակարան շենքերում» թեմայով սեմինար-քննարկումը: