»»Զինկոմիսարիատների օպտիմալացման խնդրին անդրադարձ կկատարվի կառավարության նիստում

Զինկոմիսարիատների օպտիմալացման խնդրին անդրադարձ կկատարվի կառավարության նիստում

Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքող աշխատակիցներին: Միրզոյանը նշել է, որ լուծումն այնպիսին պետք է լինի, որից կշահի թե պետությունը, և թե զինկոմիսարիատների աշխատակիցները: «Այդ բարեփոխումը բանակաշինությանը միայն օգնելու է, դրանից բանակն ու պետությունը շահելու է և դա օգուտ է մեզ բոլորիս: Եկեք այդ գործընթացին բացասաբար չվերաբերվենք»,-աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է փոխվարչապետը:

Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ խնդրի լուծումները լինելու են փոխզիջումային: «Հարցը կքննարկվի նաև կառավարության նիստի ընթացքում»,-տեղեկացրեց Միրզոյանը:

Կառավարության շենքի դիմաց վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող զինկոմիսարիատի աշխատակիցներին ընդունել է նաև ՀՀ կառավարության՝ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:

Ապա նրանց հետ հանդիպել են գլխավոր զինվորական կոմիսարն ու պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն էլ հանձնարարել է շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Նախարարը հանձնարարել է մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ:

«Պաշտպանության մասին» նոր օրենքով՝ զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին: Զինկոմիսարիատների օպտիմալացման պարագայում 44 զինկոմիսարիատներից մնալու է 14-ը, իսկ յուրաքանչյուրում՝ 20 աշխատողներից՝ երկուսը։

2018-05-16T21:00:23+00:00 Մայիսի 16 21:00|Հասարակություն|0 Comments