»»Կառավարությունների արդյունավետությունը չի չափվում նախարարների տարիքային, գենդերային և այլ պատկանելությամբ, այլ միայն ու միայն աշխատանքի արդյունավետությամբ

Կառավարությունների արդյունավետությունը չի չափվում նախարարների տարիքային, գենդերային և այլ պատկանելությամբ, այլ միայն ու միայն աշխատանքի արդյունավետությամբ

Ձևավորվեց թավշյա հեղափոխության կառավարությունը։ «Այլընտրանքային նախագծեր» խումբը գտնում է, որ պատեհ չէ նոր կառավարության կազմի անհատական քննադատությունը. Կառավարությունների էֆեկտիվությունը չի չափվում նախարարների տարիքային, գենդերային և այլ պատկանելությամբ, այլ միայն ու միայն աշխատանքի էֆեկտիվությամբ։ Ցանկացած կառավարության անհրաժեշտ է տալ խելամիտ ժամկետներ՝ գործունեությունը գնահատելու համար։ Մեզ համար շատ ավելի կարևոր է այն օրակարգը, որով առաջնորդվելու է նոր կառավարությունը։ Երկար տարիների ընթացքում ձևավորված է եղել այսպես կոչված հանրային օրակարգ՝ հարցեր, որոնք հուզել են հասարակությանը և հարցեր, որոնք բարձրացվել են ընդդիմադիր շրջանակների, այդ թվում, և առաջին հերթին, այսօրվա կառավարության ղեկավարների և նախարարների կողմից։ Փորձենք ներկայացնել դրանք. Հանրային օրակարգ 1.Հյուսիս-հարավ մայրուղի. փոշիացված վարկային լուրջ գումարներ, անորակ շինարարություն։ Ի՞նչ է կատարվել իրականում 2.Ֆիննախի և ՊԵԿ-ի Դիլիջանի կառույցները՝ անիմաստ գերթանկ շինարարություն, ուռճացված գներ։ 3.Բարձրաստիճան պաշտոնյաների դղյակներ՝իրական արժեքները, գումարների ծագումը։ 4.Լիդիան Արմենիա, Ամուլսարի գործարքը՝ իրականում ի՞նչ բնապահպանական աղետ է ենթադրում Հայաստանի համար։ 5.Պանամա-Գեյթ /բարձրաստիճան պաշտոնյաներից ովքեր և որքան գումար ունեն պանամական օֆշորում/։ 6.Գազի գնի գոյացման սխեմաներ. սահմանին վճարվող գնի և քաղաքացուն վաճառվող գնի ահռելի տարբերության սխեմաները։ 7.Կարմիր գծեր և արագաչափեր. ովքե՞ր են այդ ՍՊԸ-ների ետևում 8.Պարտադիր կուտակային համակարգ /«Դեմ եմ» շարժման հայեցակարգը/։ 9.Խաղաղ ցուցարարների վրա հարձակվող քաղաքացիական համազգեստով հրոսակախմբեր՝ Սարի թաղի դեպքերի, թավշյա հեղափոխություն օրերին և այլն, ովքեր են դրանց կազմակերպիչները, ովքեր են մասնակիցները։ Նշվել են կոնկրետ անուններ։ Քրեական պատասխանատվություն։ 10.Ընտրությունների կեղծման ամենաքննարկվող տարբերակը՝ կեղծ անձնագրեր, շրջիկ խմբեր։ Իրականություն և ծավալներ։ 11.Ընդդիմադիր շրջանակների տոտալ անօրինական գաղտնալսումներ։ Ովքե՞ր են հրահանգ տվողները, իրականացնողները։ 12.Ընդդիմադիր տեսակետներ ունեցող գործիչների հեռուստաեթերի արգելքի սև ցուցակներ։ Ընդդիմադիր գործիչների համակարգված վարկաբեկում, սև PR` լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում։ Կազմակերպիչները և ֆինանսավորման աղբյուրները։ Ցանկն իհարկե շատ ավելի երկար է, և հանրային կարծիք ձևավորող շրջանակները կարող են և գուցե պարտավոր են ձևակերպել սեփական ցանկերը։ Հետհեղափոխական կառավարությունը պարտավոր է պատասխանել այս հարցերին՝ կա՛մ բացելու բոլոր փակագծերը, կա՛մ փարատելու կասկածները։ Ի վերջո, երկար տարիներ ասվել է, որ այս հարցերի պատասխանները պարզ կլինի միայն իշխանափոխությունից հետո։ Հետևաբար՝ հետհեղափոխական հասարակությունն իրավունք ունի ստանալու հստակ պատասխաններ՝ որն է իրականությունը, որոնք են միֆերը։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

2018-05-15T13:28:58+00:00 Մայիսի 15 13:27|Տնտեսություն|0 Comments