Կեմերովոյի բնակիչ Իգոր Վոստրիկովը «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում կորցրել է իր ողջ ընտանիքը` երեք մանկահասակ երեխաներին, կնոջն ու քրոջը: Այս մասին կեմերովցի գործարարը պատմել է Комсомольская правда հրատարակությանը:

7 տարեկան Անյան, 5-ամյա Արտեմը և 2 տարեկան Ռոման իրենց մոր և հորաքրոջ հետ փակված են եղել 4-րդ հարկի կինոթատրոնի չարաբաստիկ դահլիճում:

Իգորի խոսքով` իրեն է զանգահարել կինը և օգնություն խնդրել:

«Նրանք չեն կարողացել բացել դռները»,- արցունքները զսպելով պատմել է Իգորը:

Տղամարդն ասել է, որ իր մայրը իսկույն բարձրացել է նրանց մոտ 4-րդ հարկ և պարզել, որ դռները փակ են: Նա աղաչել է, որ ինչ-որ մեկը «բացի այդ գրողի տարած կինոթատրոնը», սակայն ոչ ոք չի արձագանքել:

Կեմերովցին կարծում է, որ իր հարազատներին և մյուսներին հնարավոր կլիներ փրկել, եթե դռները բացեին:

Հիմա նա սպասում է քաղաքի դիահերձարաններից մեկի մոտ, երբ իրեն կկանչեն հարազատներին ճանաչելու:

Սակայն նա համարում է, որ «ճանաչելու բան չի լինի», քանի որ մարմինները լրիվ ածխացել են: