«Վերադարձրե՛ք մեր ուսուցիչներին». Կոսովոյում Ֆեթուլահ Գյուլենի դպրոցների սաները զայրացած են: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Նրանց ուսուցիչներից հինգին Թուրքիայի նախագահ Էրդողանի հրամանով Կոսովոյի տարածքից առեւանգել եւ Թուրքիա են տեղափոխել թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները: Քայլ, որն առաջացրել է Կոսովոյի ղեկավարության եւ իրավապաշտպանների բուռն արձագանքը: Կոսովոյի վարչապետ Ռամուջ Հարադինաջը չի թաքցրել զայրույթը.

 «Սա մեր ինքնիշխան սահմանադրական իրավունքի խախտում է: Ելնելով ստեղծված իրավիճակից, ես աշխատանքից ազատել եմ ներքին գործերի նախարարին եւ ազգային անվտանգության ծառայության ղեկավարին»:

Տեղական մամուլի հաղորդմամբ, Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցներին ուսուցիչներին առեւանգելու գործում աջակցել է հենց Կոսովոյի հատուկ ծառայությունը: Առեւանգված ուսուցիչները Թուրքիայի քաղաքացիներ են, ովքեր դասավանդում էին Կոսովոյում Գյուլենի դպրոցներում: Հիշեցնենք, Ռեջեփ Էրդողանը մեղադրում է այժմ ԱՄՆ-ում բնակվող իր նախկին դաշնակից Գյուլենին Թուրքիայում հեղափոխության փորձի մեջ: Առեւանգված ուսուցիչներից մեկի կինը` Ջասիմ Քարաբինան պատմում է, որ ամուսնուն ձերբակալելու ընթացքում թուրք գործակալներն իր եւ իրենց տղայի նկատմամբ նույնպես բռնություն են կիրառել.

«Նրանք կրում էին տեղական ոստիկանների համազգեստ եւ մեր շուրջը գտնվող մարդիկ մեզ չէին օգնում, կարծելով, թե նրանք իրական ոստիկաններ են: Նրանք ինձ ծեծի ենթարկեցին, ահա, ձեռքիս սպին: Սպիեր կան նաեւ տղայիս կրծքին»:

Առեւանգվածների փաստաբաններն իրենց կողմից անհանգստություն են հայտնում: Նրանց խոսքով, իրենց պաշտպանյալների առողջությունն ու նույնիսկ կյանքը թուրքական կողմի ձեռքերում վտանգված է: