Հայաստան կատարած այցի շրջանակներում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը այսօր՝ մարտի 30-ին, այցելել է ֆրանսիական դպրոց, որտեղ հանդիպեց դպրոցական համայնքի անդամներին եւ աշակերտներին, հայտնում է News.am-ը։

Պետքարտուղարը այնուհետեւ կատարեց դպրոցին իր նոր անունը պարգեւող «Անատոլ Ֆրանսի անվան Ֆրանսիական դպրոց» վահանակի բացման արարողությունը, որին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը:

Դպրոցի նոր անունը հարգանքի տուրք է մատուցում գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների լիգայի հիմնադիր եւ հայկական հարցի մեծ պաշտպան ու ջատագով Անատոլ Ֆրանսին(1844 թ. — 1924), ով հայտնի է 1916 թ.ապրիլին Սորբոնում «Հարգանքի տուրք Հայաստանին» հանրահավաքի կապակցությամբ ունեցած իր հայտնի ելույթով:

Անատոլ Ֆրանսի անվան Ֆրանսիական դպրոցը Ֆրանսիայի Հանրապետության կրթության նախարարության ծրագրերին համապատասխան կրթություն է տրամադրում մանկապարտեզից մինչեւ 12-րդ դասարան (ավագ դպրոց):

Հայաստանում ֆրանսիական համալսարանի (UFAR/ ՀՖՀՀ) հետ միասին, Երեւանի ֆրանսիական դպրոցն առաջարկում է շարունակական ֆրանսիական կրթություն՝ սկսած մանկապարտեզից մինչեւ դոկտորանտուրա, այսպիսով նպաստելով ֆրանսերեն լեզվի եւ մշակույթի տարածմանը Հայաստանում: