««Հանուն Հայաստան պետության» ճակատի կողմից պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք կողմ ենք քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններին, որովհետև դրանք երաշխավորված են միջազգային տարբեր պայմանագրերով, որը ստորագրել է նաև Հայաստանը, որովհետև այդ պայքարով ենք տեսնում մեր նպատակներին հասնելու համար առավել արդյունավետ իրականացնելու քայլերը»,-այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ճակատի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ եթե հրապարակում 100 հազար մարդ լինի, ոստիկանների 95 տոկոսն էլ կմիանա հասարակությանը, որևէ ղեկավար իր վրա պատասխանատվություն չի վերցնի, որ զենքի ուժ կիրառի:

«100 հազարով պառալիզացնելու ենք ամբողջ քաղաքը և իշխանություններին, դրա խաղաղ եղանակները բազմաթիվ են: 50 հազարով էլ է հնարավոր, և այն, որ մենք դեռ այդքան չենք, մեզ չի հիասթափեցնում, որովհետև հիմնական գործողություններն սկսվելու են ապրիլի 9-ից»,-նշեց նա:

Ըստ Մարտիրոսյանի՝ երկրում, որտեղ քաղաքական բանտարկյալներ կան, բնականաբար, դիմադրության ալիք էլ է լինելու: Նա ընդգծեց, որ եթե ապրիլին էլ հաջողության չհասնեն, պետք չէ հուսահատվել. «Ապրիլի 9-ից մենք ունենում ենք ֆորսմաժորի հնարավորություն, և Սերժ Սարգսյանի՝ ամառանոցում մնալը սա է՝ ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ: Ի՞նչ է, նրանից հետո էլ ղեկավար չի՞ լինելու, մենք պետություն էլ չե՞նք ունենալու: Սովետական ժամանակներից դա ղեկավարների համար է եղել, իսկ հիմա նրան են նվիրում: