Երեկ՝ մարտի 28-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Նոր Խարբերդ Այգեգործական ընկերության 1-ին փողոցի բնակիչ՝ 66-ամյա Ալեքսան Խ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել է, որ գիշերը, ժամը 02։00-ից մինչև 04։30-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված 2 հոգի ապօրինի մուտք են գործել իր տուն, ծեծի ենթարկել, կապել ձեռքերն ու ոտքերը, որից հետո ածելիով մարմնի տարբեր մասերին վնասվածքներ պատճառելով՝ պահանջել են գումար, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  տուժածին ծեծելուց հետո հափշտակել են նրա տանը պահվող 8500 ԱՄՆ դոլարը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և ճիվաղներին հայտնաբերելու ուղղությամբ։