ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ մարտի 29-ից 31-ը Երևանում կանցկացվի Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսը: Զուգահեռ մի շարք միջոցառումներ կանցկացվեն, որոնց թվում` հայ-ռուսական կոնֆերանս` ոլորտի պատասխանատուների և բիզնեսի մասնակցությամբ: Տեղի կունենա նաև ՊՆ գիտական և գիտատեխնիկական կոնֆերանսը:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ապա Դավիթ Փախչանյանը շեշտեց՝ ակնհայտ է, որ մենք դժգոհություն ունենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումից, և ռուսական կողմից հնչեցվում են հայտարարություններ, որ մատակարարումների քանակը խիստ նվազելու է։

«Այսօր ռուսական կողմից հնչում են հայտարարություններ, որ այդ մատակարարումները  խիստ նվազելու են։ Կարող եմ ասել, որ ռուսական կողմի հետ մեր համագործակցությունն այժմ ընթանում է  բավականին ադյունավետ», — ասաց Դ. Փախչանյանը։

Նա ընդգծեց՝ ՌԴ առաջին վարկով նախատեսված մատակարարումներն ամբողջությամբ իրականացված են։

Փոխնախարարը նշեց, թե հայկական կողմը, բացի Ռուսաստանից, սպառազինությունների ոլորտում այլ երկրների հետ ևս համագործակցում է: Նա օրինակ բերեց Սերբիան, որի հետ, ըստ նրա, Հայաստանը լավ կապեր է հաստատում և ունի զարգացած ռազմարդյունաբերություն: Ըստ նրա՝ նաև Չինաստանի, Լեհաստանի հետ է աշխատանք տարվում, և կան զարգացման հեռանկարներ: