«Դուք գիտեք, որ ես այդ հարցին պատասխանել չեմ կարող։ Կխնդրեմ այդ հարցն ուղղել ՀՖՖ նախագահին»,- Հայաստան-Լիտվա խաղից հետո լրագրողներին ասաց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, երբ լրագրողների հետաքրքրվեցին, թե այն, որ Յուրա Մովսիսյանը փոխել է ակումբը, կարող է ազդել նաև հավաքական վերադառնալու հնարավորության վրա:

Անդրադառնալով խաղին, որտեղ Հայաստանը նվազագույն հաշվով պարտվեց՝ նա նշեց. «Մեր խնդիրը կենտրոնում էր։ Մրցակիցը առավելություն էր ստանում, և մենք մինչև փորձում էինք հասնել նրանց, լիտվացիները ուղղություն էին փոխում։ Ռոբերտ Դարբինյանը գոլի դրվագում սխալվեց, բայց դա կուզեմ կապել առաջին խաղի լարվածության հետ։ Անդոնյանի հետ կապված էլ պետք է նշեմ, որ մենք ունենք հավաքականի մակարդակի ձախ պաշտպան՝ Գագիկ Դաղբաշյանն է։ Քանի որ Գաել Անդոնյանը իր նախկին թիմում այդ դիրքում էր գործում՝ մենք էլ այսօր փորձեցինք նրան այդտեղ»:

Հիշեցնենք, որ հենց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ էլ Յուրա Մովսիսյանը չի հրավիրվում հավաքական: