ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը հայտնվել է քաղաքական լուսանցքում: Խորհրդարանում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող, բայց իրականում անհասցե քննադատություններ հնչեցնող քաղաքական այս ուժը հարմար դիրքավորվել է իշխանության կողքին: Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու հարցում երկրի թիվ երկրորդ քաղաքական ուժը որեւէ քայլ չի ձեռնարկում: Առհասարակ փողոցային պայքարին նրանք դեմ են՝ նկատի ունենալով  նախկին դառը փորձը: Խոսքը եռյակի հանրահավաքների եւ փողոցային պայքարի հետեւանքների մասին է, որը մինչեւ հիմա ԲՀԿ-ն չի մարսել:

Երկրորդ անգամ նույն գետը մտնել նրանք ոչ միայն չեն ցանկանում, այլ նրանց դա թույլ չեն տա:

Խոսակցությունները թե առաջիկայում «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը կարող է կոալիցիայի մաս կազմել իրատեսական չէ: Նախ այն ձեռնտու չէ իշխանությանը, իսկ ինչը հարմար չէ գործող ռեժիմին հարմար չի լինի նաեւ «ընդդիմադիր» այս ուժին: Նրանց տրված է ազատության այն չափաբաժինը, որով անհրաժեշտության պարագայում պետք է քննադատեն կառավարությանը, սակայն  ոչ ավելին: Քաղաքական այս ուժի համար երկրում մեղավոր են բոլորը, բացի այդ կառավարությունը ձեւավորող, նախարարներ ու վարչապետեր նշանակող անձից՝ Սերժ Սարգսյանից: Այս դեպքում շատ տրամաբանական է, որ ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ «Ծառուկյան» դաշինքի համար Սերժ Սարգսյանն անփոխարինելի է:

Միեւնույն ժամանակ ազնիվ չի լինի չխոսել այն մասին, որ դաշինքի պատգամավորները պարբերաբար դեմ են արտահայտվում ՀՀԿ-ի նախագծերին: Օրինակ վերջին ԱԺ արտահերթ նիստում նրանք դեմ էին նախագծերը արագացված ռեժիմով քննարկելու ՀՀԿ-ի առաջարկին:

Irakanum.am