«Համաձայն չլինելով Սիրիայում Թուրքիայի քայլերին՝ ԱՄՆ-ն ամեն դեպքում չի ցանկանում ամբողջովին առճակատման գնալ: Դա քրդական ուժերին ինչ-որ իմաստով մղեց, որ հետ քաշվեն, և Աֆրինի վիճակը չլինի այն, ինչ եղել է այլ քաղաքներում, որտեղ տարբեր զինյալներ դիմադրել են, երկար ժամանակ պահել բնակավայրերը, սակայն արդյունքում ամբողջությամբ դրանք ավերվել են: Աֆրինում նման բան չեղավ, թեև Թուրքիան հիմա հոխորտում է, որ ինքը հաղթեց, սակայն իրականությունն այն է, որ քրդական ուժերը որոշել են ետ քաշվել և պարտիզանական կռիվներ մղել, որպեսզի ի վերջո Թուրքիային դուրս մղեն այդ շրջանից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա հավելեց, որ հյուսիսային հիմնական քաղաքը, որտեղ հայեր են բնակվում, Ղամիշլին է, եթե իսկապես գործողությունները հասնեն այդտեղ, ապա դա կնշանակի հայությունը վտանգի տակ կլինի: «Թե որքան հայ է բնակվում այդ հատվածում, հստակ տեղեկություն չկա, սակայն մոտավորապես մի քանի հազարի մասին է խոսքը: Իհարկե, ես վստահ չեմ, որ տարբեր ուժեր` լինեն ԱՄՆ-ն, թե Ռուսաստանը, թույլ կտան, որ Թուրքիան այդքան ծավալվի»,-ասաց Կիրո Մանոյանը: