Այսօր՝ մարտի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այսօր` ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Ս. Պատարագ, և ցանկացողներն առանց պահքը խախտելու կարող են Ս. Հաղորդություն ստանալ:

Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Ըստ Ավետարանի՝ Քրիստոս Երուսաղեմ մտավ ավանակին նստած, իսկ ժողովուրդը նրան դիմավորեց որպես թագավոր: Մարդիկ իրենց հագուստներն ու արմավենու ճյուղերն էին փռում Քրիստոսի ոտքերի տակ: Մանուկները փառաբանում էին Տիրոջը։