ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսների, մրցունակության և նորարարության գլոբալ գործելակերպի ղեկավար Դամյեն Շիլզի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է․

«Մենք երկարատև և արդյունավետ համագործակցության փորձ ունենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, մասնավորապես ՝ գործարար միջավայրի, ներդրումային միջավայրի և զբոսաշրջության ոլորտներում։ Մեր իրականացրած բարեփոխումների համատեքստում այս ոլորտներն առանցքային են»։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվելիք ներդրումային միջավայրի բարեփոխումների նոր ծրագիրը։

Կողմերն անդրադարձել են խորհրդատվական աջակցության ուղղություններին,  օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցերին, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներին և արտահանման խթանման հնարավորություններին։

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հետ քննարվել են ոլորտի բարեփոխումները։