Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծի փաթեթը, որում ընդգրկված են բազմաթիվ օրինագծեր, Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեց ձայների մեծամասնությամբ՝ կողմ էր 63 պատգամավոր, դեմ՝ 26-ը։ Դեմ էին քվեարկել միայն «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները։

Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծի փաթեթը, որում ընդգրկված են բազմաթիվ օրինագծեր, Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեց ձայների մեծամասնությամբ։

Փաթեթի հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ կատարվել են ինչպես տեխնիկական, այնպես էլ՝ բովանդակային փոփոխություններ։

Բովանդակային փոփոխություններից Հարությունյանն առանձնացրեց Երևանի ավագանու նիստերի լուսաբանման ձևերին վերաբերող փոփոխությունը, որի համաձայն, ավագանու նիստերը այսուհետև կլուսաբանվեն այնպես, ինչպես՝ ԱԺ նիստերը։

«Ազգային ժողովի պարագայում դահլիճում աշխատանքը առավել արդյունավետ է. մեր աշխատանքը չեն խոչընդոտում լրագրողները։ Յուրաքանչյուրը պետք է կարողանա անարգել կատարել իր աշխատանքը։ Եվ այն, որ այս պահին ուղիղ հեռարձակում է իրականացվում կից սրահում և լրագրողները կարող են ոչ միայն տեսնել, այլև ձայնագրել այս նիստի ընթացքը, կարծում եմ, իրենց շատ ավելի լայն հնարավորություն է տալիս պատշաճ կատարել աշխատանքը։ Մենք իրենց չենք խանգարում, իրենք՝ մեզ։ Նույն դրույթը ամրագրվում է Երևանի ավագանու նիստերի լուսաբանման պարագայում», — հայտարարեց Հարությունյանը։